Ատոմակայանում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ

Հայկական ատոմային էլեկտրակայանից հայտնում են, որ  ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թվականի համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում:


ՊՆՎ-2024-ի շրջանակներում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և 4-րդ տուրբոգեներատորի միջին նորոգում, ռեակտորի իրանի հիմնական մետաղի և ներիրանային սարքերի վերանորոգում և վերահսկում, վթարային կարգավորիչ, փոխհատուցիչ կասետների (ՎԿՓԿ) շարժաբների առանցքակալների փոխարինում և հետազոտություն, գլխավոր փակիչի կափույրի հիմնանորոգում և զննում՝ Շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի շրջանակում:


Ընթացող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են նաև «ՀԱՅԱՏՈՄ», «Էներգոնորոգգարանտ», «Վոլտ Ամպեր», «ԻՍ ԷՆԵՐՋԻ», «ՊՐՈԹԵՐՄ», «ՊՐՈՄՄՈՆՏԱԺ» ընկերություններից, ինչպես նաև Ռուսաստանից, Խորվաթիայից, Չեխիայից և Ուկրաինայից ժամանած փորձառու մասնագետներ:


ՊՆՎ-2024-ի ավարտին հաջորդող փորձարկումների և ստուգումների արդյունքում տրված փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կմիանա Հայաստանի միասնական էներգահամակարգին: